38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մահ, իսկ հետո՞...

Մահ, իսկ հետո՞...
13.03.2009 | 00:00

ՆՆՋԵՑՅԱԼՆԵՐԸ
(սկիզբը՝ թիվ 17-ում)
ՉՈՐՍ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ

Այս էլ իմանանք, որ մահվանից առաջ մարդ արարածը կրում է իր կյանքի վերջին և ամենամեծ փորձությունները, քանի որ մեր հոգիների ոխերիմ թշնամին՝ սատանան, տեսնելով մարմնից անջատվելու մոտալուտ պահը, անում է ամեն բան, որպեսզի այդ հոգին իր հետ դժոխք իջեցնի։ Սա մանավանդ վերաբերում է քրիստոնեավայել ու բարեպաշտ կյանք վարած մարդկանց, քանզի այդպիսիներն իրենց աղոթքներով ու սրբակենցաղ կյանքով քիչ հոգս չեն պատճառել չար զորություններին։ Բայց այդ ժամանակ մարդասեր Աստված նույնպես անում է ամեն ինչ, որպեսզի փրկի մարդու հոգին։
Ահա այդպիսիներին, ըստ եկեղեցու սուրբ հայրերի, հավիտենական կյանքի շեմին, հետևյալ չորս փորձություններն են սպասում.
1. ՀԱՎԱՏՔԻ ՍԱՍԱՆՈՒՄ, որի ժամանակ սատանան անհավատության մտքեր է սերմանում կամ էլ հայտնի երևալով հավատքիդ դեմ է խոսում։ Դրա դեմ քրիստոնյան պետք է պատասխանի այսպես. «Հետի՛ս գնա սատանա, որ ստության հայրն ես, ես չեմ ուզում քեզ լսել։ Ամբողջ հոգով հավատացել եմ ու հավատում եմ նրան, ինչին հավատում է իմ մայրը՝ սուրբ եկեղեցին», և մի՛ թույլ տուր անհավատության մտածմունքները մինչև սիրտդ հասնեն։
Եվ համոզված եղիր, որ քո վերջին ժամին չարն ուզում է քեզ սասանել փրկությանդ վեմից։ Այս փորձության ժամանակ ամենակարևոր զենքը սատանայի հետ երկխոսության մեջ չմտնելն է, այլ անդադար Հիսուսի անունը կանչելն ու Նրա օգնությունը խնդրելն է, որը շատ մոտ է իր զավակների վերջին փորձության ժամանակ։
2. ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ, այն է, որ սատանան հիշեցնում է կատարածդ բազմաթիվ մեղքերը, ինչի պատճառով անհուսության վախն է պատում քեզ՝ կտրելով փրկության հույսդ, որ ունեիր մինչ այդ փորձությունը։ Բայց դու, ո՛վ մարդ, հավատքով ավելի՛ փարվիր Քրիստոսի փրկարար Խաչին, որի վրա թափված արյունով մեղքերի թողություն ու քավություն ունեն բոլոր նրանք, ովքեր զղջացել ու խոստովանել են իրենց մեղքերը, և Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքերը հենց այդ են հաստատում. «Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ։ Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա (ԱՍՏՎԱԾ) և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու ամեն անիրավությունից» և դարձյալ. «Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից» (Ա. Հովհ., 1,7-9)։
Թող նման փորձության մեջ ընկնողը լավ հիշի, որ Տերը խոստացել է ներել զղջումով խոստովանած ամեն մեղք, ինչպիսին էլ որ ուզում է լինի այն։ Քանի որ սատանան հաճախ մարդկանց հիշեցնում է իրենց գործած խիստ զազրելի ու ծածուկ մեղքերը և փսփսում մեր ականջին` ասելով` այդ մեղքերն այնքան ահավոր են, որ դժվար թե Աստված դրանք ների։ Բայց թող Տիրոջ հուսադրող խոսքերը մեզ զորացնեն հավատքի մեջ, որպեսզի այս փորձությունից հաղթանակով դուրս գանք ամենքս։ Այս մասին Հովհաննես Ոսկեբերանը, ճաշակելով Աստծո անհուն սիրուց, ասել է. «Մեր գործած բոլոր մեղքերը, Աստծո սիրո օվկիանոսի հետ համեմատած, ընդամենը մի չնչին կայծ են»։ Այսինքն՝ անհուսությամբ չմնանք մեր մեղքերի մեջ, այլ Աստծո անսահման սիրուն ապավինած խոստովանենք մեր մեղքերն ու հանցանքները Տիրոջ քահանային և իրեն տված իշխանությամբ մեղքերի արձակում ստանանք։
3. ՓԱՌԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, այսինքն՝ չարը համոզում է քեզ, որպեսզի դու փրկության հույսդ դնես ոչ թե Աստծո ողորմության ու ամենակարողության վրա, այլ քո կատարած բարի գործերի դրանով իսկ նսեմացնելով Աստծո Որդու չարչարանքները մեր փրկության համար։ Բայց դու թեկուզ և սրբերին հավասար գործեր էլ արած լինես, հիշի՛ր, որ, միևնույն է, առանց Աստծո քավչարար արյան զորության, որ թափվեց Խաչի վրա, ու Նրա ողորմության, ոչ ոք չի կարող արդարանալ Տիրոջ առջև։ Իսկ եթե չարը հիշեցնի էլ կատարածդ բարի գործերը, մտածիր, որ այդ բոլորը կատարվել են Աստծո օգնությամբ ու Նրա զորությամբ, բայց ընդամենը քո միջոցով։ Դրա համար Նեղոս Սինայեցի սուրբ հայրը խրատում է՝ ասելով. «Եթե բարություն ես կատարել, ուրախացի՛ր, բայց մի՛ մեծամտացիր, քանի դեռ փրկության նավահանգիստը չես հասել»։
Այդ փորձությունը կանխատեսելով՝ Հիսուսն իր աշակետներին զգուշացրեց, ասելով. «Երբ կատարեք այդ բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե՝ մենք անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անել, ա՛յն արեցինք» (Ղուկաս, 17,10)։
4. ՏԵՍԻԼՔՆԵՐ, որոնց ժամանակ դիվական զորություններն ուրվականների կամ լուսո հրեշտակի կերպարանքներով երևում են մեռնողի աչքին, որպեսզի կամ վախեցնեն նրան, կամ էլ մոլորեցնեն։ Բայց դու թեկուզ և իսկական հրեշտակ էլ տեսնես, մի՛ ընդունիր, բայց մի՛ էլ մերժիր, այլ քեզ անարժան համարիր նման բաներ տեսնելու ու մի՛ վախեցիր թե, դրանով կարող ես Աստծուն վիրավորել, որովհետև Տիրոջը հաճելի է խոնարհ ու միշտ մեզ անարժան համարող դիրքում տեսնել, քանզի Նա խոնարհներին շնորհ է տալիս։
Բայց ավելի լավ է, մինչև մահվան շեմին հասնելը, Տիրոջ զորությամբ ու Նրա օգնությամբ պատերազմենք մեր մեղավոր ցանկությունների դեմ, որպեսզի ապաշխարելով ու մաքրվելով դրանցից, կարողանանք հաղթությամբ ավարտել մեր հավատքի ընթացքն ու խոստացված երկնային պսակին արժանանալ։
Իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին այս մասին հորդորում է՝ ասելով. «Մենք պարտավոր ենք այստեղ ուտել ու խմել մեր ապաշխարությունը, քանզի բազում պահք ու տանջանք կա մահվանից հետո, և ինչպես նավորդներն են իրենց կերակուրը պատրաստում ճամփորդությունից առաջ, մենք էլ մեր հոգևոր կերակուրը պետք է պատրաստենք այստեղ, որպեսզի մարմնից դուրս գալուց ու մահվան ծովը մտնելուց սովամահ չկորչենք»։
Իսկ որ իսկապես կա թե՛ դրախտ և թե՛ դժոխք, մեզ հավաստիացնում է անձամբ Տեր Հիսուս Քրիստոսի հետևյալ խոսքը. «Մի մեծահարուստ մարդ կար, որ բեհեզ ու ծիրանի էր հագնում և ամեն օր առատապես ուրախություն էր անում: Եվ Ղազարոս անունով մի աղքատ մարդ ընկած էր նրա դռան առաջ՝ վերքերով ծածկված: Եվ ցանկանում էր լցնել իր որովայնն այն փշրանքներով, որոնք թափվում էին մեծահարուստի սեղանից: Եվ դեռ շներն էլ գալիս էին ու լիզում նրա վերքերը: Երբ աղքատը մեռավ, հրեշտակները նրան տարան Աբրահամի գոգը. մեծահարուստն էլ մեռավ և թաղվեց: Եվ դժոխքում, մինչ սա տանջանքների մեջ էր, բարձրացրեց իր աչքերը, հեռվից տեսավ Աբրահամին և Ղազարոսին էլ՝ նրա գրկում հանգստացած: Եվ նա աղաղակեց ու ասաց. «Հա՛յր Աբրահամ, ողորմի՛ր ինձ և ուղարկի՛ր Ղազարոսին, որ իր մատի ծայրը թրջի ջրով և զովացնի լեզուս, որովհետև այս տապից պապակում եմ»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակում ես: Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել»: Մեծահարուստն ասաց. «Արդ, աղաչում եմ քեզ, հա՛յր, որ Ղազարոսին ուղարկես իմ հոր տունը, որտեղ ես հինգ եղբայրներ ունեմ, որպեսզի նրանց վկայություն տա, որ նրանք էլ չգան տանջանքների այս վայրը»: Եվ Աբրահամն ասաց. «Նրանք ունեն Մովսես և մարգարեներ, թող նրա՛նց լսեն»: Եվ նա ասաց. «Ո՛չ, հա՛յր Աբրահամ, բայց եթե մեռելներից մեկը նրանց մոտ գնա, նրանք կապաշխարեն»: Եվ Աբրահամը նրան ասաց. «Եթե Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն» (Ավետարան ըստ Ղուկասի, 16, 19-31)։
Ավետարանական այս հատվածի հանգամանալից մեջբերումն արվեց, որպեսզի ընթերցողն ինքը կարդա ու համոզվի դժոխքի ու դրախտի մասին, որտեղ նկարագրված հայր Աբրահամի գոգը դրախտի նախատիպարն է ։
Այդ պատճառով Եփրեմ Ասորի սուրբ հայրն այսպես է աղոթում.
«Տե՛ր, վախճանիս օրը բարի հրեշտակ առաքիր ինձ և օգնի՛ր քաղցրությամբ ավանդել իմ հոգին, առաջնորդի՛ր ուղիղ ճանապարհով և կործանի՛ր դարանակալ գազանին, անխռով անցկացրու խավարային օդի միջով և ազատի՛ր գազանի չար ժանիքներից, փրկի՛ր և աներկյո՛ւղ պահիր և բնակեցրո՛ւ սուրբերիդ կայանում՝ սպասելու և ակնկալելու Քո մեծ Գալստյանը»։
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԿՅԱՆՔԻ

Իսկ այժմ մի քանի խոսքով գրենք, թե ինչ պետք է անել, երբ մարդն արդեն ավանդել է հոգին։
Առաջին հերթին ննջեցյալին տեառնագրում են, այսինքն՝ խաչակնքում, որպեսզի մեր խաչյալ Տիրոջ բաժինը դառնա, և փակում աչքերը, հետո երեսը շրջում դեպի երկինք, այսինքն՝ ուղղում դեպի մեր փրկության հույսի ճամփան, իսկ ձեռքերը խաչաձև դնում սրտին, ինչպես որ նա խոնարհաբար պիտի կանգնի Տիրոջ առջև։ Հնարավորության դեպքում անհրաժեշտ է լողացնել և հագցնել իր սիրած հագուստները (և անպայման չէ բոլորովին նորը)՝ նախապես մարմինն ու դագաղը ցողելով սուրբ ջրով, որը կարելի է խնդրել եկեղեցուց և խնկարկել տունը։ Իսկ դագաղը պետք է դնել այնպես, որպեսզի ննջեցյալի գլուխը դեպի արևելք ուղղված լինի, որովհետև Աստծո եկեղեցիների գլխավոր խորանը դեպի արևելք է ուղղված, քանզի, ըստ Տիրոջ Խոսքի, Հիսուսի երկրորդ գալուստն արևելքից է լինելու։
Պետք է երկու մոմակալներով վառվող մոմեր դնել գլխավերևի մասում, որոնք, ըստ Ավետարանի, խորհրդանշում են, երբ յուղաբեր կանայք խաչելության երրորդ օրը Հիսուսի գերեզմանը գնալով այն դատարկ գտան, և այնտեղ երկու ճերմակ հագուստով հրեշտակներ էին նստած, որոնք առաջինն ավետեցին Տիրոջ հարության մասին։
Մոմերը հիշեցնում են նաև մարդուս կյանքը. մի օր ծնվեց, մի օր մեռավ, և այդ մոմի նման կյանքը կարճ ժամանակ լուսավորելով, շուտով մարեց։
Հնում, երբ ամեն գյուղ իր եկեղեցին ուներ, ննջեցյալներին առաջին գիշերը տանում էին ու թողնում այնտեղ, որ եկեղեցու սպասավորներն աղոթեն նրա հոգու փրկության համար։ Այդ արարողությունը կոչվում էր «Ամբիծք», այսինքն՝ ննջեցյալի հոգու մաքրության արարողություն։
Շատ կարևոր է, որ մինչև թաղումը հարազատները ննջեցյալի համար սաղմոսներ կարդան ու երբեմն-երբեմն նրա անունը տալով ասեն. «Հիշի՛ր, Տեր, երբ գաս Քո արքայությունով», որովհետև հոգին մարմնից զատվելուց հետո ինքն այլևս իր համար չի կարող աղոթել, այլ պետք է այդ անեն նրա հարազատները, ծանոթներն ու քահանաները։
Այս միտքը հաստատում է նաև Հովհաննես Դամասկացին, ասելով. «Յուրաքանչյուր մարդ, որն իր մեջ ունեցել է առաքինության թեկուզ մի չնչին թթխմոր, բայց հակառակ իր ցանկությանը չի կարողացել այն վերածել հացի, ծուլության, անհոգության կամ էլ այսօր-վաղը գցելով, վախճանից հետո չի մոռացվի արդար Դատավորի կողմից, այլ նրա հարազատներին, մոտիկներին և ընկերներին կհորդորի ու նրանց մտքերը կուղղի, որպեսզի օգնեն նրան»։
Իսկ Գրիգոր Տաթևացին դրա վերաբերյալ գրում է. «Պետք է աղոթքով խնդրել հավատացյալ ննջեցյալների համար, քանզի եթե աղքատներն ու չքավորները կարոտ են ողորմության, առավել ևս նրանք, ովքեր զրկվել են բոլոր բարիքներից ու հայտնվել անճարության մեջ։ Եվ եթե հաշմանդամներին ենք ողորմություն անում, որքա՜ն առավել պետք է նրանց ողորմել, որոնց ողջ մարմինն է ապականվել ու տարածվել հողի մեջ։ Եվ եթե մարդկանց ձեռքը գերի ընկածներին ենք ողորմում, որքա՜ն առավել պետք է նրանց ողորմել, ովքեր մեղքերի պատճառով մատնվել են սատանային։ Եվ քանի որ նրանք չեն կարող ապաշխարել մեղքերի համար, և մեռյալները չեն կարող օգնել մեռյալներին ու տալ խնդրածը (ինչպես Աբրահամը հարուստին մի կաթիլ ջուր իսկ չտվեց. տես Ղուկ., 16,19), ուստի միայն մարդասեր և գթած Աստծո ողորմությունն են ակնկալում և կարոտում ողջերի աղոթքներին, ինչպես երանելի Հոբն է ասում նրանց անունից. «Ողորմե՜ք, ողորմե՜ք ինձ, բարեկամներ, քանզի Տիրոջ ձեռքը դիպավ ինձ» (Հոբ, 19, 21)։
Հետևաբար, մենք պետք է ողորմենք և աղոթենք նրանց համար, ովքեր հույսով ու հավատով ննջեցին ի Քրիստոս, և աշխարհի սխալանքներից ինչ-ինչ բաներ մնացին նրանց մոտ. նաև նրանց համար պետք է մեղքերի թողություն խնդրել, ովքեր հանկարծակի մեռնելով (պատերազմում, գազաններից, հեղեղից, հողմից, կայծակից, հիվանդությունից կամ այլ պատահարներից), չկարողացան խոստովանել իրենց մեղքերը և սուրբ պսակի արժանանալ։
Եվ այսպես սրբերին ու արդարներին պետք է հիշել որպես բարեխոսներ, իսկ մեղավորներին՝ նրանց համար ներում խնդրելով։ Եվ առհասարակ պետք է հիշել բոլորին՝ թե ծանոթներին, թե՛ անծանոթներին, թե՛ մեր խնամքին հանձնված երախտավորներին թե սուրբ պատարագի ընթացքում, թե ամենօրյա աղոթքներում։
ՀՈԳՈՒ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Իսկ ի՞նչ է լինում հոգու հետ մարմնից դուրս գալուց հետո։ Սրա վերաբերյալ նյութապաշտ ու անհավատ մարդիկ միանշանակ պնդում են, որ մարդը մեռավ ու «պրծավ», և անէության, այսինքն՝ չգոյության է մատնվում, և նրա կենդանությունը միայն իրեն ճանաչողների հիշողությամբ է շարունակվում, իսկ ֆիզիկականը՝ իր սերնդի շարունակության մեջ։ Այդ է պատճառը, որ աշխարհի հզորներն իրենցից հետո անուն և հիշողություն վաստակելու համար մեծաշուք շինություններ ու գործեր են արել (եգիպտական բուրգեր, հունական տաճարներ, գիտական և մշակութային այլ կոթողներ և այլն)։ Եթե չկա հոգու հավիտենականություն, ապա նրանք ճիշտ են վարվում, բայց մեզ ստեղծող Արարիչ Աստվածն ուրիշ բան է ասում, որ. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել՝ կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի հարության համար» (Հովհաննեսի ավետարան, 5.28): Եթե կատարած արարքներին պատասխան կա տալու միակ Արդարի առաջ, ուրեմն՝ ո՞վ պիտի այն տա. անշունչ մարմի՞նը, որ հողի մեջ որդերի կերակուր է դառնում, թե՞..։ Ավետարանն ասում է, որ մարդու մեռնելուց հետո մարմնից դուրս եկած հոգին է, որ Տիրոջ առջև պիտի կանգնի ու պատասխան տա մարմնի մեջ եղած ժամանակ կատարած բոլոր գործերի համար։ ՈՒ ոչ միայն այսքանը, այլև. «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետև՝ քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոսի ավետարան, 12, 36): Եթե նույնիսկ մեր դատարկ խոսած խոսքերի համար բծախնդրության աստիճանի հաշիվ տալու օր կա, ուրեմն լավ կլինի մտածենք, թե ինչ ենք խոսում և ինչ ենք անում, որպեսզի պատրաստ լինենք այդ անաչառ դատաստանին։
Հովհաննես Կասսիան սուրբը այս մասին գրում է. «Մեռածների հոգիները ոչ միայն չեն կորցնում իրենց զգայական հատկությունները, այլև պահպանում են նախկին ապրումների հիշողությունները, այսինքն՝ վախը, ուրախությունը, տխրությունը և կանխազգում են համընդհանուր դատաստանի ժամանակ իրենց սպասվելիքը և հակառակ որոշ անհավատների պնդման, թե իբր հոգիները մեռնում են ոչէության մեջ, ընդհակառակը՝ նրանք է՛լ ավելի են կենդանանում այդ զգացմունքներից և ավելի մեծ եռանդով են սկսում փառավորել Աստծուն՝ հայցելով Նրա ողորմությունը»։
(շարունակությունը՝ հաջորդիվ)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3195

Մեկնաբանություններ